Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Անկախության պարադոքսները և հայրենազրկման գենը

Անկախության պարադոքսները և հայրենազրկման գենը
22.09.2026 | 13:20

Ասում են, թե անկախությունն ազգին հնարավորություն է տալիս պետություն կառուցել, դաշնակիցներ ընտրել և, հետևաբար, թշնամիներին ճանաչել, իսկ ամենակարևորը՝ սահմաններն ամրագրել ու պաշտպանել: Այդպես է նորմալ ազգերի պետություններում: Հայաստանում ճիշտ հակառակն ենք տեսնում առնվազն 1918 թվականից (բացառությամբ խորհրդային դարաշրջանի, քանզի հայերին այդ ժամանակ արգելված էր ինքնուրույն դաշնակից ու թշնամի ընտրել և տարածքային հարցերով զբաղվել):
Բանն այն է, որ զարմանալի համառությամբ հայերը, երբ անկախություն է վերևներից իջնում, ինչպես 1918-ին և 1991-ին՝ Ռուսական կայսրության ու ԽՍՀՄ փլուզումներից հետո, սկզբունքորեն սկսում են մտածել, թե ինչպես արագ և որակով օտարեն իրենց հողերը, այսինքն՝ ինչ անեն, որ հարազատ հողերը հանձնեն թուրքերին: 1920 թվականի սեպտեմբերի 24-ին հայերը, հետևելով իրենց այն ժամանակվա վերադասի՝ Մեծ Բրիտանիայի հրահանգին, պատերազմ հայտարարեցին քեմալական Թուրքիային՝ մինչ այդ նույն Մեծ Բրիտանիայի հրահանգով զինաթափելով Կարսը (Կարսի հրետանին անգլիացիները նվեր տվեցին Դենիկինին)։ Նրանք շատ արագ ջարդվեցին և բրիտանացի գնդապետ Սթոքսի հանձնարարությամբ ստորագրեցին Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Պահպանվել է գնդապետ Սթոքսի հեռագիրը դաշնակցականներին, որտեղ ասվում է. «Դուք պարտավոր եք հաշտվել թուրքերի հետ, քանի որ բոլշևիկները մեր թշնամիներն են»: Դե, սրանք էլ հաշտվեցին՝ թուրքին հանձնելով շուրջ 50 հազար քառակուսի կիլոմետր տարածք, իսկ հետո, երբ ռուսները մի կերպ վերադարձրին այդ 50-ից 20 հազարը, ազգովի ոռնացին և առ այսօր ոռնում են՝ ռուսները մեր հողերը կիսեցին թուրքերի հետ:
Եկավ հայերի համար ողբերգական 1991 թվականը: Հայաստանը նորից անկախացավ՝ իր կամքից անկախ: Եվ նոր իշխանություններն անմիջապես սկսեցին կեղծել պատմագրությունը. ռուսներից նվեր ստացան Արցախը և երկու անգամ փրկվեցին թուրքական ներխուժումից՝ դարձյալ ռուսների շնորհիվ, իսկ արտաքին քաղաքականության մեջ որդեգրեցին բազմավեկտորությունը: Մեկնարկեց գրանտակերների սերիական արտադրության աննախադեպ գործընթացը, ինչը հանգեցրեց 2018 թվականի հեղաշրջմանը: Իշխանությունը զավթեցին արևմտյան գրանտակերները, ու հայերը ազգովի սկսեցին մտածել, թե ինչ անեն, որ հանձնեն Ղարաբաղը, որտեղ հայերն ապրում էին առնվազն 2500 տարի, և որտեղ Մաշտոցը հիմնադրեց իր առաջին դպրոցը՝ խախտելով Ալմա-Աթայի հռչակագիրը: Հանձնեցին՝ պայմանավորված պատերազմով: Հետո, ռուսների և հայ ժողովրդի գլխից թռնելով, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Ղարաբաղը ճանաչեցին ադրբեջանական սրբազան տարածք, իսկ մեկ տարի անց հայաթափեցին Արցախը:
Հետո հայերը սկսեցին մտածել Սյունիքի օտարման մասին: 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ներխուժեց ՀՀ տարածք, հայերը նահանջեցին՝ չարձակելով գեթ մեկ կրակոց: Հայ-ադրբեջանական համատեղ, եղբայրական մտադրությունն այն էր, որ Սյունիքը կտրվի Հայաստանից, այնուհետև՝ հայաթափվի: Սակայն, ինչպես շատ դեպքերում, ռուսները հայկական մուրազը վիժեցրին. 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները կանգնեցին քաջ ասկյարների ճանապարհին (այս ամենի ականատեսը նախկին վարչապետ Բագրատյանն է եղել)։ Դե, նրանք էլ ստիպված կանգ առան՝ բավարարվելով Ջերմուկով: Բայց հայերի ձեռքը քոր է գալիս՝ Սյունիքը պետք է վերադարձվի, և երևան եկավ հին բրիտանական մուրազի՝ Թուրանի գաղափարը, որին այժմ ամերիկացիներն են քավորություն անում, անունն էլ TRIPP են դրել: Ուղղակի հուշեմ, որ դրանից լավ ճանապարհ չկա Սյունիքը հայաթափելու և օտարելու համար:
Բայց սա դեռ վերջը չէ: Ես վաղուց գիտեի, իսկ վերջերս բոլորն իմացան, որ ժողվարչապետ-Ալիև էֆենդի տանդեմի ծրագրում է նաև Սևանի հանձնումը Ադրբեջանին: Դրանց ԱԳ նախկին նախարարը զայրացած գրել էր ՀՀ ժողվարչապետին. «Կոզյո՛լ, քանի դեռ չենք կիսել լիճը, չմտնե՛ս մեր Գոյչան… թե չէ մենք էլ կգանք լողալու»: Ուղղակի հիշեցնեմ, որ երբ Հայաստանը գուբեռնիա էր, ըստ ժողվարչապետի, այդ գուբեռնիայի ղեկավարներին ոչ մի թուրք չէր կարող ասել՝ Սևան չմտնես: Սակայն ազատ, անկախ և, ամենակարևորը՝ աննախադեպ ինքնիշխան Հայաստանի դիրեկտորին դա ասում են:
Վլադիմիր Պուտինը ժողվարչապետին սեպտեմբերի 1-ին ասաց, որ եթե ռազմաբազան ձեզ պետք չէ, հենց վաղը դուրս կբերեմ: Եվ սկսվեց հայ արևմտականության էյֆորիան: Մի քանի օր առաջ Լենինականում էի: Դե, լենինականցիներն էլ են հայ, դրանցից ի՞նչ սպասես. ասում են, որ ռուսը մեզ բարեկամ չէ, Ղարաբաղը ռուսը տվեց, ինչպես և 100 տարի առաջ Կարսը, Արդահանը, Արարատ լեռը և այլն, բայց եթե զորքը դուրս գա, վերջին ռուս զինվորից 10 մետր առաջ վերջին լենինականցին դուրս կգա քաղաքից: Ես էլ անօգուտ եմ համարում դրանց ասել, թե՝ ա՛յ ոչխարներ, ռուսը ձեզ թշնամի է, թուրքը՝ բարեկամ՝ ըստ Սիմոն Վրացյանի, ինչո՞ւ եք դուրս գալիս, մնացե՛ք, կարող է այս անգամ ձեզ դոմփելուց առաջ ցավազրկեն…
Ահավասիկ այսպիսի ազգ, այսպիսի յուրօրինակ ժողովուրդ՝ ապերախտությամբ, տգիտությամբ, հանրային և քաղաքական գիտակցության տոտալ բացակայությամբ իրեն հավասարը չունեցող: Ազգ, որ այսքան ողբերգություններից հետո չի կարող տարբերել իր թշնամուն բարեկամից, ինչի՞ կարող է դատապարտվել, բացի հայրենազրկումից և վերացումից:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դիտվել է՝ 249

Մեկնաբանություններ